Մահացել է Վլադիմիր Դավիդյանցը

Կյանքից հեռացավ մեծանուն պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր, ՌԴ Բժշկական գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր, ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության ամբիոնի վարիչ, Հանրային առողջության հայկական ասոցիացիայի տնօրեն Վլադիմիր Աշոտի Դավիդյանցը: Վլադիմիր Դավիդյանցը ծնվել է 1953 թվականի փետրվարի 16-ին, Բաքու քաղաքում:

... 1976թ-ին ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտը, Վ.Դավիդյանցն աշխատանքային կենսագրությունն սկսեց Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում, աշխատելով սկզբում որպես ավագ լաբորանտ, հետո՝ գիտաշխատող: Այնուհետև, 1985-1989 թվականներին աշխատեց Երևանի սանիտարա-համաճարակային կայանի բաժնի վարիչ, հետո՝ Երևանի գլխավոր պետական սանիտարական բժշկի տեղակալ: 1989թ-ից աշխատանքի անցավ Երևանի Բժիշկների կատարելագործման ինստիտուտում (այժմ՝ Առողջապահության ազգային ինստիտուտ), 1998թ-ից մինչև օրս ԱԱԻ-ի համաճարակաբանության ամբիոնի վարիչն էր:

Զուգահեռաբար, 1992-1996թթ-ին ՀՀ ԱԱԻ-ի հանրային առողջության ինստիտուտի տնօրենն էր, 1996-1998 թվականներին՝ ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրենը:

1998-2005 թվականներին Վ.Դավիդյանցը նշանակվեց ՀՀ ԱՆ գլխավոր պետական սանիտարական բժիշկ, այդ թվականներին զգալիորեն զարգացավ համաճարակաբանության ոլորտը՝ համահունչ միջազգային և ԱՀԿ-ի չափանիշներին: Այս ամենին հաջորդեցին Հանրային առողջության հայկական ասոցիացիայի նախագահի, 2005թ-ին՝ ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնները:

Վ. Դավիդյանցը 1996թ-ից եղել է համաճարակաբանների միջազգային ընկերակցության պատվավոր անդամ, 2001թ-ից՝ Համաշխարհային արևադարձային գիտական խորհրդի անդամ, 2001թ-ից՝ ՌԴ բժշկատեխնիկական, 2002թ-ից՝ ՌԴ բնական գիտությունների ակադեմիաների անդամ, իսկ 2004թ-ից՝ ՌԴ ԲԳԱ-ի պատվավոր դոկտոր էր:

2013թ-ից առ այսօր պրոֆեսորն աշխատել է ԱՄՆ-ի Պաշտպանության վտանգների նվազեցման գործակալության կենսաբանական ոլորտում՝ Համագործակցային ներգրավման ծրագրում (DTRA CBEP), որպես մասնագիտական գծով փոխտնօրեն՝ մեծագույն ներդրում ունենալով բժիշկների շարունակական մասնագիտական կրթության և գիտահետազոտական աշխատանքների իրականացման ոլորտում:

Վ. Դավիդյանցի ջանքերի, այդ թվում, գիտական աշխատանքների շնորհիվ Հայաստանում իրականացվեցին Աղի յոդացման, ինչպես նաև պոլիոմիելիտի և մալարիայի էլիմինացման ծրագրերը:

Մեծանուն գիտնականը եղել է բազմաթիվ ծրագրերի ղեկավար և փորձագետ (ԱՀԿ, ԱՄՆ և Կանադայի միջազգային զարգացման գործակալություններ, Եվրամիություն, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, ԱՄՆ կենսատեխնոլոգիական ծրագիր, տրոպիկական հիվանդությունների ուսումնասիրման ծրագրեր և այլն): Նա հետազոտություններ է իրականացրել ինֆեկցիոն հիվանդությունների, պարազիտար և օպորտունիստական հիվանդությունների համաճարակաբանության աշխարհագրության բնագավառում:

Վ. Դավիդյանցի ղեկավարությամբ գրվել, մշակվել ու հրատարակվել են բազմաթիվ գիտական աշխատություններ, մասնագիտական կրթական նյութեր, գրքեր, որոնք արդյունավետորեն ինտեգրվել են ՀՀ-ի գիտակրթական համակարգում՝ ի նպաստ առողջապահական համակարգի զարգացման:

Նա ինքն ավելի քան 300 գիտական աշխատությունների, այդ թվում՝ մենագրությունների, ձեռնարկների, ատլասների հեղինակ է: Անգնահատելի է Վլադիմիր Դավիդյանցի դերը նաև որպես գիտական խորհրդատու և գիտական աշխատանքների ղեկավար, նրա շնորհիվ գիտության ոլորտում իրենց ճանապարհն են հարթել բազմաթիվ ուսանողներ, պաշտպանվել է շուրջ երկու տասնյակ ատենախոսական աշխատանք։

Մեծ գիտնականի, հասարակական գործչի, ուսուցչի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների հիշողություններում:

Առողջապահության ազգային ինստիտուտի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում Վլադիմիր Դավիդյանցի ընտանիքի անդամներին, հարազատներին, բարեկամներին և գործընկերներին։