Հոկտեմբերի 12-ը Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան ընդառաջ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս: Միջոցառման բանախոսներ   ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի գլխավոր կազմակերպիչ Մարիամ Մնացականյանը, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական Դավիթ Պետրոսյանը, ՀՀ ԱՆ ԱԱԻ առողջության համակարգի գործունեության գնահատման բաժնի ղեկավար Արևիկ Թորոսյանը և «Եղիր տեղեկացված» ՀԿ նախագահ Արուսյակ Մկրտչյանը ներկայացրել են Ծխախոտի դեմ պայքարում կատարված քայլերը և անելիքները:

Նշենք, որ 2004 թվականին մեր երկիրը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, և 2008 թվականից Հայաստանը հոկտեմբերի 12-ը նշում է որպես Ծխախոտի դեմ պայքարի ազգային օր:

Բանախոսները խոսել են բնակչության առողջության համար ամենամեծ վտանգներից մեկի` ծխախոտային համաճարակի մասին, ընդգծել, որ ԱՀԿ տվյալների համաձայն` ծխախոտի օգտագործման հետևանքով յուրաքանչյուր տարի մահանում է ավելի քան 8 մլն  մարդ, որից ավելի քան 1,2 մլն չծխողներն են, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը:

Ներկայացվել են նաև վիճակագրական տվյալներ, ըստ որի` Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Ծխողների գերակշռող մասը տղամարդիկ են (տղամարդկանց 51.5%-ը, կանանց` 1.8%-ը): Հարցվածներից 10-ից 5-ն ենթարկվում է երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը` տանը (56.4%), իսկ յուրաքանչյուր չորրորդը` աշխատավայրում (26.6%):

Միաժամանակ, հանրային կարծիք ձևավորելու տեսանկյունից կարևորվել են իրազեկման աշխատանքները: Մասնավորապես` առողջապահության նախարարության կողմից պատրաստվել են հակածխախոտային ուղղվածությամբ հոլովակներ, տպագրվել պաստառներ, որոնք փակցվել են միջմարզային մայրուղիներում և Երևանում, նաև ավտոբուսների վրա:

Անդրադառնալով «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթին, որը 2019 թվականի սեպտեմբերի 12-ին կառավարության հավանությանն է արժանացել, Մարիամ Մնացականյանը ներկայացրել է ծխախոտի օգտագործման սահմանափակումները: Այն է` արգելվելու է ծխախոտի և դրան փոխարինող այլ արտադրատեսակների օգտագործումը որոշ վայրերում, սահմանափակվելու է վաճառքը, գովազդը, հովանավորչությունը, որի նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել առողջության վրա ծխախոտային արտադրատեսակների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքներից: Բոլոր քայլերը միտված են բնակչության առողջության պահպանմանը` ձևավորելով  բնակչության ընկալումներում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման նկատմամբ բացասական վերաբերմունք` որպես անառողջ  և մերժելի վարքագիծ: