Հայաստանում մեկնարկել է ծխախոտից հրաժարմանն աջակցող ACTS միջազգային հետազոտական ծրագիրը
Հոկտեմբերի
13-ին Հայաստանում մեկնարկել է «Accelerating Tobacco Cessation» (ACTS) միջազգային
հետազոտական ծրագիրը, որի նպատակն է ուսումնասիրել ծխախոտից հրաժարմանն աջակցող տարբեր
մեթոդների արդյունավետությունը և գնահատել դրանց ներդրման ու կիրառման հնարավորությունները
առողջապահական համակարգում։
Ծրագիրը միավորում է եվրոպական
տարածաշրջանի 9 երկրների հետազոտողների և գիտահետազոտական կազմակերպությունների։ Հետազոտությունն
իրականացվելու է չորս երկրում՝ Հայաստանում,
Վրաստանում, Սերբիայում և Ալբանիայում՝ Գերմանիայի Համբուրգ-Էպենդորֆ
համալսարանական բժշկական կենտրոնի (UKE) համակարգմամբ։ Ծրագրի
պաշտոնական մեկնարկի միջոցառմանը ԵՄ համագործակցության բաժնի ղեկավար Յոհան Հեսսեն
ողջունել է նախաձեռնությունը և շնորհավորել ծրագրի մասնակիցներին՝ կարևորելով միջազգային
գիտահետազոտական համագործակցությունն ու հանրային առողջության պահպանմանն ուղղված նախաձեռնությունների
իրականացումը։
Հետազոտության
արդյունքները հնարավորություն կտան բացահայտելու ծխախոտից հրաժարմանն աջակցող առավել
արդյունավետ մեթոդները և գնահատելու դրանց կիրառելիությունը Հայաստանի առողջապահական
համակարգում։
Ստացված
գիտական տվյալները կարող են կարևոր հիմք դառնալ ծխախոտից հրաժարմանն աջակցող առողջապահական
ծառայությունների զարգացման և կատարելագործման համար՝ նպաստելով բնակչության առողջության
բարելավմանը, ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցմանը և դրա հետ կապված հիվանդությունների
կանխարգելմանը։