Արցախից եւ Հայաստանից 30 բժիշկների՝ վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստման ծրագիր

Կայացավ Արցախից եւ Հայաստանից 30 բժիշկների՝ վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստման ծրագիրը:
Այսօր ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստումե (ՎԲՄՎ) ծրագրի ամփոփումը։ 
Ծրագրի մասնակիցներին շնորհավորելու և մասնագիտական նոր գործունեության ճանապարհի մեկնարկին բարի ընթացք մաղթելու էին եկել Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, ԱԱԻ-ի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱԱԻ-ի գիտական ծրագրերի գծով տնօրենի տեղակալ Սամսոն Խաչատրյանը, ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը: Վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն ու ԱԱԻ-ի գիտական ծրագրերի գծով տնօրենի տեղակալ Սամսոն Խաչատրյանը։
Սա առաջին հայկական միջմասնագիտական կրթական ծրագիրն է՝ ուղղված հետպատերազմական շրջանում մեծահասակների և փոքրահասակ երեխաների վերականգնողական ծառայություններին՝ նպատակ ունենալով զարգացնել ոլորտը և  բարելավել  ծառայությունների որակը շարունակական խնամքի միջոցով, ինչպես նաև աջակցել տեղի մասնագետներին ու դասախոսներին՝ վերականգնողական ծառայությունների ոլորտում Հայաստանը տարածաշրջանային առաջատար դարձնելու համար:
ՎԲՄՎ ծրագրի մեկնարկը տրվել է 2022թ.-ի հոկտեմբերին: Շուրջ 30 մասնագետ, 26-ը՝ Հայաստանից և 4-ը՝ Արցախից, 10 ամիս տևողությամբ և միջազգային ինստիտուտների փորձագետների կողմից կազմված միջմասնագիտական վերապատրաստման այս դասընթացին մասնակցեցին  հիբրիդային ձևաչափով։ Ողջ ծրագրի ընթացքում երեք անգամ անցկացվեցին առկա դասընթացներ Երևանում (արցախցի մասնագետները կարողացան մասնակցել միայն առաջին հավաքին, մնացած երկուսին մասնակցեցին հեռավար ձևաչափով)։
Ծրագրում ընդգրկված են եղել հետևյալ ուղղությունները՝ ռեաբիլիտացիան արտակարգ իրավիճակներում, ռեաբիլիտացիան սուր շրջանում, նեյրոռեաբիլիտացիա, այրվածքներ և վերքերի խնամք, օրթոպեդիա, ցավի գիտություն, հոգեկան առողջություն և այլ արդիական թեմաներ։
Ծրագիրն իրականացրել է Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան, «Թերապիստները Հայաստանի համարե ասոցիացիան, Polaris EduCorp-ը և ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը: