Արցախի բժիշկների վերապատրաստման դասընթացների իրականացման մասին

2018թ. հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 13-ը Արցախում՝ ՀՀ ԱՆ, ՀՀ ԱՆ ԱԱԻ, ԱՀ ԱՆ և ՀՕՖ-ի համատեղ ջանքերով, իրականացվեց Արցախի հեռավոր շրջանների և Ստեփանակերտի ամբուլատոր պոլիկլինիկական համակարգում աշխատող բժիշկների շարունակական մասնագիտական զարգացման գործընթացը: Ծրագրին

մասնակցեցին մանկաբույժներ, թերապևտներ, նեոնատոլոգներ և ներզատաբաններ: Դասընթացի առաջին շաբաթը նվիրված էր առողջ ապրելակերպին` ռացիոնալ սնուցմանը, վնասակար սովորույթների դեմ պայքարին, այդ թվում ծխախոտամոլությանը, ալկոհոլի չարաշահմանը, ինչպես նաև ֆիզիկական ակտիվության կարևորությանը: Դասընթացի տեսական հատվածում մանրամասնորեն ներկայացվեցին բժշկի կողմից իրականացվող խորհրդատվության սկզբունքները և մոտեցումները, գործնական պարապմունքների ժամանակ՝ կատարելագործվեցին հմտությունները: Երկօրյա դասընթացները նվիրված էր բրոնխային ասթմայի արդի հարցերին, թե մանկական պրակտիկայում, և թե մեծահասակների շրջանում: Նյութը ներկայացված էր ինտերակտիվ պատկերազարդ դասախոոսությամբ` համաձայն վերջին 2017թ. GINA ուղեցույցների:

Գործնական պարապմունքի ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին պիկֆլոումետրիայի և դոզավորված աէրոզոլային ինհալատորների կիրառման հմտություններ, նաև այդ հմտությունների վերաբերյալ երկու տեսաֆիլմեր դիտեցին: Հաջորդ երկու շաբաթների ընթացքում քննարկվեցին մանկաբուժության արդի հարցերը, մասնավորապես` կրծքի և վաղ հասակի երեխաների սնուցման գործելակարգը, առողջ երեխայի հսկողութունը, երեխայի աճը, զարգացումը և մանկական հիվանդությունների ինտեգրացված վարումը: Գործնական պարապմունքները ներառում էին մանկական առողջության վերաբերյալ սկրինինգների ցուցադրում, ուսուցանում և ամրապնդում, կրծքով սնուցման խորհրդատվություն, հավելյալ սննդի ժամանակին ներմուծում, խառը և արհեստական սնուցման կանոնները: Դասընթացի զգալի հատվածը նվիրված էր մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման կանոններին, որն ուղեկցվում էր տեսաֆիլմերի ցուցադրությամբ և վարժությունների կատարմամբ:

Թերապևտիկ մասը ներառում էր սրտանոթային հիվանդությունների քննարկում` սրտանոթային ընդհանուր ռիսկի գնահատում, զարկերակային գերճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտամկանի ինֆարկտ, հետինֆարկտային վիճակների մասին քննարկում և պացիենտների վարում: Քննարկման ժամանակ շեշտադրվել են պացիենտների կողմից կատարվելիք կանխարգելման խնդիրների քննարկումը,

ինչպես նաև սրտանոթային ռիսկի գնահատումը` ըստ SCORE սանդղակի: Ներկայացվել են միջազգային վերջին ուղեցույցները: Շատ հետաքրքիր քննարկում է ծավալվել նաև առաջնային օղակում ախտորոշման ախտանիշային և համախտանիշային մոտեցումներին, ներկայացվեց ՀՄԴ-10 հնարավորությունները` ախտանիշները և համախտանիշները որպես ախտորոշում ձևակերպելու համար, քննարկվեցին այրոցը, սրտխառնոցը և

փսխումը, դիսֆագիան, դիսպեպսիան, մարմնի զարգվածի ակամա կորուստը, գրգռված աղիքի համախտանիշը ու աղեստամոքսային համակարգի այլ ֆունկցիոնալ խնդիրները, ֆիբրոմիալգիայի համախտանիշը: Շեշտարդվեցին տարբերակիչ աշտորոշման և բուժման առաձնահատկությունները:

Հաջորդիվ քննարկվեցին ներզատական հիվանդություններից 2-րդ տիպի շաքարային դիաբետը և վահանագեղձի առավել տարածված հիվանդությունները: Կարևորվեց առաջին օղակի բժիշկների դերը այդ հիվանդությունների առաջնակի ախտորոշման և նեղ մասնագետի հետ խորհրդատվության անհրաժեշտությունը:

Քննարկվեցին նաև շնչուղիների և միզուղիների վարակները, ներառյալ` հազը որպես առաջին օղակի ախտորոշում, արտահիվանդանոցային թոքաբորբը, միզուղիների ստորին հատվածի վարակները և պիելոնեֆրիտը: Կարևորվեցին կանխարգելման մոտեցումները և միջոցառումները: Ներկայացվեցին առաջնային օղակում տուբերկուլոզի վաղ ախտորոշման և հետհիվանդանոցային բուժման մոտեցումները` ըստ DOTS ծրագրի, ինչպես նաև ցուցադրվեց տեսաֆիլմ տոբերկուլոզի վերաբերյալ: Հաշվի առնելով հակաբիոտիկառեզիստենտականության տարածվածությունը և ԱՀԿ մոտեցումները այդ խնդրի վերաբերյալ՝ քննարկվեցին հակաբիոտիկների ռացիոնալ կիրառման ռազմավարական և մարտավարական առանձնահատկությունները շնչուղիների, միզուղիների, աղեստամոքսային համակարգի և փափուկ հյուսվածքների վարակների ժամանակ:

Տարեցների առողջության խնդիրները` ծերացումը և կյանքի որակը, ռևմատիկ պոլիմիալգիան, դելիրիը և դեմենցիան, դասընթացի առանցքային թեմաներից էին:

Դասընթացի ավարտին բժիշկներին տրամադրվում են համարժեք կրեդիտներով վկայականներ: Արցախի բժիշկների վերապատրաստման գործընթացը ավարտվեց կազմակերպիչների և մասնակից բժիշկների մեծ գոհունակությամբ, շարունակական լինելու պայմանավորվածությամբ: