Բուժաշխատողների ռեգիստրի «Վերապատրաստողների վերապատրաստում» (TOT) դասընթաց. Երևան

Առողջապահության ազգային ինստիտուտի կազմակերպած վերապատրաստողների վերապատրաստման (TOT) դասընթացները շարունակվում են՝ արդեն Երևանում:
ԱԱԻ-ում անցկացվող դասընթացին այս անգամ մասնակցում էին Արարատի մարզի ու մայրաքաղաքի ԲԿ-ների և ԱԱՊ բուժհաստատությունների բուժաշխատողներ, որոնց ներկայացվեց համակարգի ներդրման նպատակն ու դրա գործիքներին տիրապետելու կարևորությունը` առողջապահության թվայնացման այս շրջանում: 
ԱԱԻ-ի Էլեկտրոնային առողջապահության ներդրման բաժնի ղեկավար Ծաղկանուշ Սարգսյանը եւ Բուժաշխատողների ռեգիստրի վարման բաժնի ղեկավար Անդրանիկ Հարոյանը դասընթացի մասնակիցներին ներկայացրեցին ռեգիստրում անձնական հաշիվ ունենալու կարգը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կհավաքագրվի ամեն մի բուժաշխատողի կրթության, մասնագիտական որակավորման, աշխատանքային գործունեության վերաբերյալ: 
Բուժաշխատողների ռեգիստրը ստեղծվել է առողջապահության մասնագետների ռեսուրսի, պահանջարկի արդյունավետ պլանավորման, բաշխման, աշխատաշուկայի ճիշտ կառավարման, կանխատեսումների ու վերլուծությունների, ինչպես նաև տվյալների մեկտեղման ու հավաստագրման գործընթացներն առավել մատչելի ու հասանելի դարձնելու նպատակով: 
Դասընթացի օգնությամբ վերապատրաստվող մասնագետները հանձն են առնում ստացած հմտություններն իրենց բնակավայրերում գործընկերներին փոխանցելու առաքելությունը` ապահովելով Բուժաշխատողների ռեգիստրի գործարկումը ողջ ներուժով:
Մինչ օրս Առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետները նման դասընթացներ անցկացրել են Շիրակի, Լոռու, Տավուշի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում:
Ծրագիրը իրականացվում է Ասիական Զարգացման Բանկի աջակցությամբ: