Շիրակի մարզում՝ Գյումրի ԲԿ-ում մեկնարկեց Բուժաշխատողների ռեգիստրի «Վերապատրաստողների վերապատրաստումե (TOT) դասընթացը

Երկրում առկա առողջապահության մասնագետների ռեսուրսի, պահանջարկի արդյունավետ պլանավորման, բաշխման, աշխատաշուկայի ճիշտ կառավարման, կանխատեսումների ու վերլուծությունների նպատակով Առողջապահության նախարարութունը մեկնարկել է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալող առողջապահության մասնագետների ամբողջական շտեմարանի՝  Բուժաշխատողների ռեգիստրի ձևավորման գործընթացը:
Ռեգիստրում յուրաքանչյուր բուժաշխատող պետք է ունենա իր անձնական հաշիվը, որտեղ համապարփակ տեղեկատվություն կհավաքագրվի իր մասնագիտական կրթության և աշխատանքային գործունեության վերաբերյալ։ Հաշիվը կառավարում է առողջապահության մասնագետը` կատարելով պարբերաբար թարմացումներ մասնագիտական կրթության և գործունեության մասին։ Այս տվյալների թարմությունն ու հավաստիությունը կարևոր են նրա հետագա մասնագիտական գործունեության համար։
Համակարգի սահուն ներդրման և բուժաշխատողների կողմից արդյունավետ օգտագործման նպատակով Առողջապահության ազգային ինստիտուտը կազմակերպել է վերապատրաստողների վերապատրաստման (TOT) դասընթացներ:
TOT դասընթացը թույլ կտա յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում վերապատրաստել փորձագետների խումբ, ովքեր կարող են իրենց բնակավայրերում վերապատրաստել այլ բուժաշխատողների և ապահովել  համակարգի գործարկումը՝ ողջ ներուժով:
Հարկ է նշել, որ առողջապահական աշխատուժի պլանավորման, բժիշկ մասնագետների նպատակային ուսուցման կազմակերպման, առողջապահության մասնագետների հավաստագրման համար խիստ անհրաժեշտ է ճշգրիտ և իրական ժամանակում թարմացվող առողջապահական աշխատուժի շտեմարանների առկայությունը: