Այսօր հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է

Հուլիսի 28-ը Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ
(1965թ.) Բարուխ Բլամբերգի ծննդյան օրն է: Ամեն տարի այս օրը նշվում է որպես Հեպատիտի
դեմ պայքարի համաշխարհային օր, որի նպատակն է բնակչության շրջանում բարձրացնել վիրուսային
հեպատիտների վերաբերյալ իրազեկությունը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության
(ԱՀԿ)՝ 2020 թվականի հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա խորհրդանիշն է. «Ապագան
առանց հեպատիտի»: ԱՀԿ-ն հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման
ու սպառնալիքների մասին առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու կոչ է հղում աշխարհին:
ԱՀԿ-ի տվյալներով` ամբողջ
աշխարհում 325 միլիոն մարդ ապրում է քրոնիկական հեպատիտ Բ-ով և Ց-ով: Եվրոպական տարածաշրջանում
լյարդի ցիռոզի և քաղցկեղի գլխավոր պատճառ հանդիսացող հեպատիտ Բ-ով և Ց-ով ապրում է
համապատասխանաբար 15 մլն և 14 մլն մարդ: Յուրաքանչյուր տարի այդ հիվանդությունները
հազարավոր մարդկանց մահվան պատճառ են դառնում: Իսկ մահերը կարելի է կանխել ժամանակին
թեստավորման և բուժման, ինչպես նաև հեպատիտ Բ-ի դեպքում` պատվաստման օգնությամբ:
Հայաստանում հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները
ներդրվել են 1999 թվականին, որից հետո սկսել է դիտվել վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության
կտրուկ նվազում: Եթե մինչև հեպատիտ
Բ-ի դեմ պատվաստումների իրականացումը` և մեծահասակների, և մինչև 14 տարեկան երեխաների
շրջանում նկատվում էր հիվանդացության համաչափ
նվազում, ապա պատվաստումների ներդրումից հետո, հատկապես՝ մանկական բնակչության շրջանում, արձանագրվել է հիվանդացության
կտրուկ նվազում` 140 անգամ: 2019 թվականին 0-14 տարեկան երեխաների
շրջանում հեպատիտ Բ-ի դեպք չի արձանագրվել: Սա վիրուսային հեպատիտ Բ-ի կանխարգելման
գործում պատվաստումների անհրաժեշտության, կարևորության և արդյունավետության վառ ապացույցն
է:
Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց
դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով ներդրել է «Արտաընդերային
վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը»,
որի շրջանակներում բժշկական կազմակերպություններում կիրարկվում է ռիսկի խմբերում վաղ
հայտնաբերման գործընթացը, իրականացվում են վիրուսային հեպատիտների համաճարակաբանական
դիտարկման համակարգի, լաբորատոր կատարելագործման, ինչպես նաև բուժաշխատողների գիտելիքների
շարունակական կատարելագործմանն ուղղված աշխատանքներ: Քրոնիկ հեպատիտ Բ-ի և Ց-ի դեպքերը,
ինչպես նաև հեպատիտ Բ-ի հակածնակիրները և հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմիններ
ունեցող անձինք 2016 թվականից ներառվել են պաշտոնական վիճակագրական հաշվետվական ձևաչափերում:
Նշված ծրագրերի շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում՝ Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարվա
ընթացքում սուր հեպատիտ Բ-ի հիվանդացության ցուցանիշը նվազել է 2.8 անգամ, իսկ սուր
Ց-ինը՝ 2.1 անգամ:
Սակայն փաստ է, որ վիրուսներն իրենց բարդություններով վտանգ են ներկայացնում հատկապես
անտեղյակության և չհայտնաբերման դեպքում: Հարկ է նշել, որ վիրուսային հեպատիտներն այսօր
համարվում են կանխարգելելի, ինչպես նաև կառավարելի և բուժելի:
Առողջապահության նախարարությունը, «Ակադեմիկոս
Ս. Ավդալբեկայնի անվան առողջապահության ազգային
ինստիտուտը» Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնել են առողջության առաջնային
պահպանման օղակում շարունակաբար իրականացնելու հեպատիտ Բ-ի և Ց-ի, ՄԻԱՎ-ի և Սիֆիլիսի
անվճար թեստավորում, որը կիրականացվի անանուն,
անվճար, հասանելի և արագ:
Նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում առողջության առաջնային պահպանման
ոլորտի ավելի քան 300 բուժաշխատող (ընտանեկան
բժիշկներ, վարակաբաններ, թերապևտներ, լաբորատոր մասնագետներ) անցել են վերապատրաստման
դասընթացներ (այն հասանելի է ԱԱԻ-ի հարթակում՝ http://online-edu.am):
Հեպատիտի դեմ պայքարի
համաշխարհային օրվա խորհրդով այսօր մեկնարկում է «Մի՛ գուշակիր,
հետազոտվի՛ր» արշավը` նպատակ ունենալով հանրային ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող
գործընթացի վրա՝ լայն և թիրախային լսարան ձևավորելու համար:
Թեստավորում կարող եք անցնել հետևյալ պոլիկլինիկաներում՝
1. Թիվ 22 պոլիկլինիկա
2. Թիվ 12 պոլիկլինիկա
3. Թիվ 19 պոլիկլինիկա
4. Թիվ 13 պոլիկլինիկա
5. Նոր Արեշ պոլիկլինիկա
6. Թիվ 4 պոլիկլինիկա
7. Թիվ 5 պոլիկլինիկա
8. Թիվ 8 պոլիկլինիկա
9. Կարմիր Բլուր պոլիկլինիկա
10. Թիվ 15 պոլիկլինիկա
11. Թիվ 17 պոլիկլինիկա
12. Գրիգոր Նարեկացի պոլիկլինիկա
13. Նոր Արաբկիր պոլիկլինիկա
14. Արշակունյաց պոլիկլինիկա
15. Սարի թաղ պոլիկլինիկա:
Ծրագիրը կրելու է շարունակական բնույթ՝ ձևավորելով համակարգային մոտեցումներ: Այն
գործարկվել է Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ իրականացվող ՄԱԿ-ի
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի շրջանակներում: